Մանկավարժի որակավորման ատեստավորման ուղեցույց

Last modified by editor on 2020/07/28 18:53

Ընդհանուր կազմակերպչական հարցեր
Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության թույլտվության/13.04.2020/՝ 2019-2020 ուսումնական տարվա մանկավարժի որակավորման ամփոփիչ ատեստավորումը կիրականացվի առցանց՝ մայիս-հունիս ամիսներին, ԵՊՀ-ի ուսուցման կառավարման https://e-learning.ysu.am/ հարթակի միջոցով:
• Մանկավարժի որակավորման ամփոփիչ ատեստավորումները կազմակերպվում են  ֆակուլտետներում՝ սույն թվականի փետրվարին՝ հաստատված քննական հանձնաժողովներով։
• Ուսանողները և համալսարանական քննական հանձնաժողովի անդամները, օգտագործելով համալսարանական էլ-փոստի հասցեն և ծածկագիրը, մուտք են գործում ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակ https://e-learning.ysu.am/ առցանց հասցեով, իսկ մյուսներն օգտագործում են իրենց կողմից տրամադրված էլ-փոստի հասցեն և առցանց հարթակի ուղարկած ծածկագիրը:
• Քննությունից ոչ ուշ քան մեկ շաբաթ առաջ՝ ֆակուլտետների համակարգողները ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակում ստեղծում և կարգավորում են ատեստավորման ժամանակացույցը և Zoom-ով տեսակապի տվյալները։
• Քննությունից ոչ ուշ քան մեկ օր առաջ՝ ուսանողը պետք է ընտրի ատեստավորման ժամանակաhատվածը (սլոտը): Յուրաքանչյուր ուսանող կարող է ընտրել միայն մեկ ժամանակաhատված: Այլ ուսանողի կողմից ընտրված ժամանակահատվածը հասանելի չէ կրկնակի ռեզերվացման համար: Ռեզերվացված ժամանակաhատվածը կարելի է չեղարկել և ընտրել նորից տվյալ պահին առկա չռեզերվացված ժամանակահատվածներից:
• Յուրաքանչյուր հանձնաժողով մեկ օրում կարող է ատեստավորել ոչ ավել քան 25 ուսանող։
• Մանկավարժի որակավորման ամփոփիչ ատեստավորման հարցատոմսերը պետք է լինեն 30-ից ոչ պակաս: Մինչև ամփոփիչ ատեստավորումը ֆակուլտետի համակարգողը պետք է քննական տոմսերը /հանձնաժողովի նախագահի կողմից նախապես ստորագրված և ֆակուլտետի դեկանի կողմից կնքված/ ներբեռնի իր համակարգիչ՝ Zoom տեսակոնֆերանսի միջոցով ուսանողի ընտրած համապատասխան քննատոմսը ցուցադրելու համար։

Քննական գործընթացի կազմակերպում
Մանկավարժի որակավորման ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է Zoom տեսակոնֆերանսի միջոցով: Ատեստավորման ընթացակարգը ղեկավարում է համակարգողը, և այն ամբողջովին տեսաձայանագրվում է: Յուրաքանչյուր ուսանող պետք է ռեզերվացված ժամին միանա առցանց ատեստավորմանը: Ուշանալու դեպքում ուսանողը հերթը կորցնում է: Ատեստավորման ընթացքում ուսանողը համակարգչով պետք է նստի պատի դիմաց, ունենա ականջակալներ և միկրոֆոն: Ատեստավորմանը մասնակցում են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամները, ուսանողը/ուսանողները և 3-5 ունկնդիրներ:
• Գնահատումն իրականացվում է 20 միավորանոց սանդղակով՝ համաձայն սահմանված չափանիշների և դրանց համապատասխան չափորոշիչների։
• Ուսանողի արդյունարար միավորը ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամների նշանակած արդյունարար միավորների միջինն է։ Ուսանողին գնահատում են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միայն այն անդամները, որոնք ներկա են եղել տվյալ ուսանողի ատեստավորման ամբողջ ընթացքին։ Ուսանողի և հանձնաժողովի անդամների տեսախցիկները պարտադիր պետք է միացված լինեն ամբողջ ատեստավորման ընթացքում:
• Համաձայն ժամանակացույցի՝ հերթական ուսանողը մնացած հարցատոմսերից (ըստ համակարգողի ներկայացրած ցուցակի) ընտրում է քննատոմսի համարը: Համակարգողը էկրանին ներկայացնում է քննատոմսը և կարդում է հարցերը։ Ուսանողը արագ գրառում է հարցերը, որից հետո նրան տրվում է 5 րոպե ժամանակ պատրաստվելու համար։
• Ժամանակը լրանալուց հետո ուսանողը սկսում է պատասխանել, որից հետո նրան կարող են տրվել հարցեր հանձնաժողովի կողմից։
• Ուսանողի պատասխանից հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ առանձին գնահատում է։
• Բոլոր ուսանողների պատասխաններից հետո, ֆակուլտետի համակարգողն ուսանողներին ուղարկում է սպասասրահ, և հանձնաժողովն անցնում է քննարկման՝ վերջնական գնահատականները ձևավորելու համար։
• Քննարկման ավարտից հետո վերջնական գնահատականները համակարգողը (կամ քարտուղարը) մուտքագրում է համակարգ և ուսանողներին վերադարձնում է քննասենյակ, և հանձնաժողովի նախագահը հրապարակում է վերջնական գնահատականները։
• Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գնահատման արդյունքները հրապարակվում են ամփոփումից անմիջապես հետո՝ ուսանողի գնահատականների բաժնում, ինչպես նաև ամբողջական ուսանողների գնահատականների ցուցակը տեղադրվում է հայտարարությունների ֆորումում, և յուրաքանչյուր ուսանող տեղեկացվում է էլ-նամակով:
• Գնահատման արդյունքների բողոքարկումն իրականացվում է համաձայն գնահատման և բողոքրկման ընդունված ընթացակարգի:

Tags:
Created by editor on 2020/05/23 17:09
 
Yerevan State University
wiki.ysu.am